Friday, March 8, 2013

Տոկոսային

Մարդիկ (համենայնդեպս մարդկային ընտանիքի մեծ մասը) սովոր են կյանքը ապրել միայն 10 տոկոսով: Խոսքը ամենևին միջակ ամսագրային ու հեռուստատեսային ուղեղի 10 տոկոսի մասին ծամած ծեծված մտքի մասին չի, ոչ էլ ասենք 10 տոկոսնա ակադեմիկ թիվ, մոտավոր քցած բռնածա: Բայց դե փաստը մնումա փաստ՝ մեր որոշումների մեծ մասը մեր փոխարեն որոշված են, մեր մտքերի մեծ մասը մեր փոխարեն մտածել են, փաթեթավորել, ծամել ու դրել ուղեղներս, մեր օրվա մեծ մասը անցնումա աննպատակ ու անմիտ թրև գալով, մեր մարմինները նույնիսկ մոտ չեն սեփական պոտենցիալի մաքսիմումին, մեր էմոցիաները միջին ուժգնության մակարդակից չեն բարձրանում, առաջանում են մեր գիտակցությունից ու կամքից դուրս ու ուղղված են միջակ ու ձանձրալի բաների վրա, մեր կամքը ավտոմատի վրայա աշխատում, մեր հաճույքը հաճախ գունատա ու կարճ, իսկ օրեր, որ իրոք նոր բան ենք սովորում կամ դառնում ենք ավելին, քան կանք, իհարկե կան... բայց դե էլի, էդքան էլ շատ չեն, քաոտիկ են գալիս գնում ու նույնիսկ մոտ չեն էն թվին, որը կարա լինի: Նույնիսկ երբ հանգստանում ենք, անում ենք ինչ ասես բացի հանգստանալուց:

Էսիկ նախերգանք էր, խոսքը ամենևին ծույլ մարդկության մասին չի: Խոսքը նրա մասինա, որ մենակ կենսագործունեության պոտենցիալի մաքսիմումին մոտենալուցա մարդկային գիտակցությունը /ու ոչ միայն գիտակցությունը/ սկսում իր գաղտնիքները բացել մարդու առաջ: Կապ չունի, հենց որ մաքսիմումին՝ գաղտնիքները շատ են, իսկ գիտակցությունը խավարով պատված: Ոչ էլ անպայմանա մաքսիմումին հասած լինել՝ մեթոդիկ, օրեցօր ձգտելը հերիքա: Բայց երբ նայում ես սովորաբար գիտակցության ու տիեզերքի գաղտնիքների թեմայով ջուր ծեծող, ջուր ծեծելը սեփական օրվա հաց ու ապրուստ սարքած շիզոթերիկ մասսաներին, նուրբ ասած կասկածներ են առաջանում, որ իրանք որևէ կերպ ու որևէ բնագավառում իրոք ապրում են լիակատար ու մաքսիմալ պոտենցիալով՝ բացի երևի ջուր ծեծելու պոտենցիալից, որը անշուշտ անհավատալի բարձունքներիա:

Իսկ եթե որոշեք փորձարկել ասածս... մի օր փորձեք պառկել, դիակային աստիճանի թուլացնել բոլոր մկանները, ամբողջովին անջատել մտքերը ու առանց քնելու տենց մի ժամ ժամուկես մնալ մաքսիմալ հանգստի մեջ: Միանգամից դժվար հաջողվի, բայց երբ հաջողվի... սփոյլերություն չանեմ, թե ինչ կլինի:

Thursday, March 7, 2013

Գործիքներ

Կյանքի միջով դեպի մահ գնալուց ամեն ոք ընտրումա այդ ճանապարհը անցնելու սեփական գործիքները: Պրակտիկ ու թեորետիկ գիտելիքները, հմտությունները, արտաքին տեսքը, հավատալիքները, փիլիսոփայությունները, ֆիզիկական ու հոգեբանական ռեսուրսները՝ դրանք բոլորը ըստ երևույթի գործիք են, որոնց նպատակնա մեր կյանքը դարձնել այնպիսին, ինչպիսին մենք իրան ուզում ենք տեսնել: Որոշ գործիքներ հեշտացնում են ճանապարհը, որոշ գործիքներ այն ավելի հետաքրքիր են դարձնում, կամ ավելի իմաստալից, որոշներն էլ անկապ տեղ են զբաղացնում պարկում, ու երբեմն նույնիսկ խանգառում են առաջ գնալ /որովհետև հաճախ ծանր են, անպիտան ու դժվար տեղափոխվող/: Զարմանալիորեն, նման գործիքներից հրաժարվելը մարդկանց համար հաճախ շատ ավելի դժվարա, քան պիտանի գործիքներ ձեռք բերելը:

Կյանքը իմաստալից ու լիակատար ապրելու գաղտնիքներից մեկնա ճիշտ ու պիտանի գործիքներ ընտրել կարողանալը՝ իսկ թե որ գործիքներն են իրոք անհրաժեշտ, ամեն մեկը ընտրումա յուրովի: Մեկի համար դա կարա լինի դաշնամուր նվագելը, մեկ ուրիշի համար քվանթային ֆիզիկային ծանոթանալը, երրորդի՝ արխաիկ շամանական տրանս առաջացնելու մեթոդիկաների ուսումնասիրելը կամ բռնցքամարտ պարապելը, ու հեչ անպայման չի, որ մի մարդու գործիքը մեկ ուրիշի համար նույնքան օգտակար լինի: Տարբեր կյանքեր, տարբեր մարդիկ, տարբեր նպատակներ:

Ու հատուկենտ, շատ հազվագյուտ գործիքներ են, որ օգնում են մահվան մեջ մտնել, ինչպես որ հարկնա:

Wednesday, March 6, 2013

Ուղեղի մարզանք

Փոքր տարիքում տեսածս ամերիկյան կիսակատագերգական մարտաֆիլմերից մեկում խիստ մկանոտ, բոյով բուսաթով ջիգիթ պրոտագոնիստը մի պահ նենց ափսոսալով ասումա՝ բա ուղեղս մարմնի պես մարզել լիներ, աշխարհի ամենախելոք մարդկանցից կլինեի: Երևի էդ պահին առաջին անգամ միտք էկավ՝ իսկ ինչ, եթե... Արդեն շատ ավելի հասուն տարիքում պարզվեց, որ հա, լրիվ հնարավորա մեթոդիկ մարզել ու շատ ավելի բարձր որակի հասցնել ուղեղի ցանկացած մտավոր ֆունկցիա՝ հիշողությունից ու խնդիրներ լուծելուց սկսած 575 չափսով գեղեցկագույն եռատողեր գրելով վերջացրած: Դժվարա, հա, շատ ավելի դժվարա, քան մարմինը մարզելը, ու շատ ավելի քիչ տարածում ունի, քան նույն ուղեղը առօրյա զվարճանքներով /բարև, Ինտերնետ!/ զբաղացնելն ու լցնելը, բայց հնարավորա: Էդ լավ նորությունն էր: Վատ նորությունն էնա, որ նման մարզման արդյունավետությունը հակառակ համեմատականա տարիքին՝ քանի ծերանում ենք, ավելիա դժվարանում:

Էս էլ ձեզ չորս հատ ռեսուրս՝ եթե հանկարծ որոշեք սեփական ուղեղին հենց հիմա մարզադահլիճ ուղարկել ծանրություններ բարցրացնելու, վազացնելու ու դառնալու ավելին, քան ինքը կա:

http://smartlifeblog.com/4-brain-training-resources-that-make-you-smarter/

Ու ընդհանրապես արտակարգ բլոգա, խիստ խորհուրդ եմ տալիս:

Tuesday, March 5, 2013

Դիանոյա

Բանականությունը /դիանոյա/ պլատոնիկները համարում էին գիտենալու միջանկյալ, հավատից անհամեմատ ավելի բարձր մակարդակ, ու պատմության մեջ իրենց ոգեշնչող Պլատոնի հետ մեկտեղ մտել են սեփական՝ նախկինում աշխարհի այդ մասում աննախադեպ բանականության առկայությամբ: Էն աստիճան, որ մենք մինչև հիմա փիլիսոփայություն ասելով շատը հասկանում ենք առաջին հերթին հենց դիանոյա ներառող զբաղմունք: Դիանոյան սկսվումա, երբ մենք սկսում ենք սեփական խելքով մտածել, ու սեփական ինտելլեկտի օգնությամբ ճանաչել մեզ շրջապատող աշխարհը: Երբ մեզ հավատը արդեն հերիք չի, ավելին, երբ սկսում ենք լրջորեն կասկածել, որ մեզ պատմած հեքիաթները իրականում գոյություն ունեն, ապացույցներ ու խելքին մոտ բացատրություններ փնտրել մեզ շրջապատող իրականությանը, ու նոր ձեռք բերած գիտելիքները անմայման փորձարկել, եթե ոչ անմիջականորեն, ապա գոնե սեփական ուղեղում համեմատելով դրանք այլընտրանքային գիտելիքների ու գաղափարների հետ: Երբ սկսում ենք քննարկել, բանավիճել, ապացուցել սեփական մտքերը նաև ուրիշներին, երբ սկսում ենք հասկանալ, թե ինչա տրամաբանությունը, ու գնահատել այն մեզ և ավելի բանական դարձնելու համար:

Հավատից բարձր չտեսնող մարդկանց հետ դիանոյայի տեսանկյունից վիճաբանելը ռեսուրսատարա ու անհեռանկարային: Մեկա իրանցն են առաջ բրդելու՝ հաճախ շատ աղմկոտ, կոպիտ ու էթիկապես տգեղ միջոցներով: Ասելա թե նորմալ շփման համար պետքա իջնել հավատի մակարդակի՝ գերադասաբար զրուցակցի հետ նույն հավատի, կամ գոնե նրբանկատորեն ոչ մի կերպ չվտանգել զրուցակցի հավատալիքները: Բայց միևնույն ժամանակ երևի ամենամեծ հաճույքներից մեկնա այլ բանական մարդկանց հետ շփվելը, ու ամենևին կարևոր չէ թեմայի մասին նույն կարծիքի լինել:

Ամենաբարձր գիտենալու մակարդակի, նոեզիսի մասին, վաղը: Եթե ավելի լավ թեմա չգտնեմ, բնականաբար:

Monday, March 4, 2013

Պիստիս

Պլատոնիկները հավատը (պիստիս) համարում էին ինչ որ բան գիտենալու ամենացածր մակարդակը: Ասելա թե երբ ամնիջական փորձ չի եղել, որևէ ինքնուրույն մտորում չի եղել, տրամաբանել ու այլընտրանքներն գնահատել չի եղել, բայց մարդ ինչ որ բանիա սկսում հավատալ, ու խոսալ այդ բանի մասին այնպես, ոնց որ թեմայի մեծագույն մասնագետա, ամենինչից տեղյակա ու սաղ մութ անկյունները գիտի: Խոսքը մենակ կրոնականի մասին չի, իրականում հավատալիքներ մենք ունենք կյանքի ցանկացած ոլորտում: Ու օ զարմանք, մեծ մասը բացարձակապես անհիմն: Հավատում ենք, որովհետև կամ մեզ տենց հարմարա, կամ մեզ սովորացրել են հավատալ, կամ մեր մշակույթի անբաժան մասա: Ասենք Հռոմի Պապը /կամ ցանկացած այլ հեղինակություն/ ասելա, որ Երկիրը տափակա, ուրեմն մենք գիտենք, որ դա տենցա, ու երբեք չենք փորձում հասկանալ, թե ինչու, ու ինչու դա կարա տենց չլինի: Պատճառները շատ կարան լինեն, բայց հավատալը, որովհետև գիտակից կամենում ենք հավատալ, այդ պատճառների մեջ գրեթե չի մտնում: Կամ եթե մտնումա, միայն ծայրահեղ կրոնական, միստիցիզմի հետ գրեթե հատվող հարցերում:

Հավատից գոնե մի քիչ վեր բարձրանալու բանալին կասկածամտություննա, ապացույցներ փնտրելը, աշխարհը գիտակից ճանաչելու ձգտումը, ու առհասարակ բանականորեն մտածել սկսելը: Ու քանի որ լայն մասսաները որպես կանոն կառավարվում են հենց հավատալիքների միջոցով, ինչքան ավելի շուտա սկսվում ինքնուրույն, սեփական խելքով մտածելը, այդքան ավելի հեշտա ու արագա ստացվում նմանատիպ կառավարման տակից դուրս գալը:

Երկրորդ մակարդակը բանականությունն էր /դիանոյա/: Իրա մասին վաղը:

Sunday, March 3, 2013

Ռլյեհական

Լավքրաֆթյան դիցաշխարհը, մի մարդու հորինած/բացահայտած լինելով, շատ ավելի խորնա ինձ թվում, քան մի շարք շատ ավելի հին ու շատ ավելի տարածված դիցաբանություններ: Ու ամենևին զարմանալի չի, որ այն դեռևս Լավքրաֆթի կյանքի օրոք սեփական կյանքա ստացել, դուրս գալով բուն հեղինակի գործերից ու սողոսկելով այլ հեղինակների մոտ, գրքերից թափանցելով դեպի ֆիլմեր, համակարգչային խաղեր, յուրովի ինտերնետային մեմ դառնալով, մի շարք ժամանակակից մոգական ենթամշակույթներում կարևոր տեղ զբաղացնելով ու ընդհանրապես շատ ավելի լայն զարգացում ստանալով, քան Լավքրաֆթն կարող էի երբևէ երազել: Զարմանալու բան չկա, չէ որ վերջի վերջո Լավքրաֆթի դիցաշխարհի հիմքում մարդու վախնա անսահմանության ու այդ անսահմանության մեջ թաքնվածի հանդեպ: Լինի դա խորթ օվկիանոսի, անծայրածիր սառցե դաշտերի, դատարկ ու սև տիեզերքի թե մարդու սեփական ներաշխարհի խավարի մեջ կորած անսահմանությունը:


Saturday, March 2, 2013

Կամ կամ կամ

Երևի լուսնի տակ գոյություն ունեցող ամենահաճելի զգացմունքներից մեկնա օրն ավարատել գիտակցելով, որ դառել ես ավելի ուժեղ, կամ ավելի խելացի, կամ ավելի ճկուն, կամ ավելի խիզախ, կամ ավելի ուրախ, կամ ավելի կայացաց, կամ ավելի գիտակից, կամ կամ կամ քան թե օրվա սկզբում էիր: Որ օրվա մեջ միգուցե և շատ քիչ, բայց մոտեցել ես սեփական նպատակներին և երազանքներին: Որ օրվա ընթացքում միգուցե և շատ թույլ ու կցկտուր, բայց կամքդ գործադրել ես քեզ շրջապատող աշխարհի վրա, իրան տալով այն ձևը, որն ուզում ես հենց դու: Որ օրվա ընթացքում ինչ որ նոր բան ես ստեղծել: Ինչ որ նոր բան իմացել, նոր բան անել սովորել, նոր բան տեսել, կամ հինը տեսել յուրովի: Ինչ որ նոր բան զգացել, որ առաջ չէիր նկատում: Ինչ որ դժվար բան արել, կամ ուղղակի այն արել, ինչից շատ երկար վախենում էիր: Կամ կամ կամ:

Հենց այդ պահերին ես զգում, թե ինչա նշանակում մարդ լինել, ոչ թե կյանքը անպոչ ու անմազ կապիկի նման գլդորել, ուր որ գլդորվումա, կամ ուր որ ուրիշներն են ուզում այն գլդորեն: Գլդորել մինչև մի հիասքանչ օր, որը կլինի վերջինը: Երբ կպարզվի, որ կյանք էլ չի մնացել, իսկ այն կյանքը, որ անցել գնացելա, առանձնապես մի բան էլ չի եղել:

Friday, March 1, 2013

Գանձերի մասին

Անցյալը հսկայական ուժ կարա տա մարդուն: Անցյալում շատ գանձեր կան. մոռացության կամ տգիտության մատնված, փոխարինած փայլուն ստվարաթղթով, թաքցրած ստերի հաստ կույտի տակ, որոշները նույնիսկ շատ լավ պահպանված ու բաց երկնքի տակ դրած՝ մնումա ձեռքը մեկնել ու վերցնել: Վերցնել ու առաջ գնալ դեպի ապագա՝ անցյալում գտած գանձերի հաշվին ներկա կյանքին դինամիկա, կենդանի շունչ ու պայծառություն հաղորդելով: Բայց դե փոխարենը մարդիկ գերադասում են իրենց համար հարմար անցյալ հորինել, ու կառչել այդ անցյալից՝ հրաժարվելով նկատել նույնիսկ անմիջական ներկան:

Պատճառներից մեկը միգուցե այն է, որ մարդիկ ծույլ են ու չեն սիրում ջանք թափել նույնիսկ գանձեր փնտրելու համար: Մյուսն այն է, որ անցյալը ըստ երևույթի ծածկված է խավարով, իսկ խավարի հետ ամեն մեկը չի, որ գործ կարա ունենա: Երրորդն այն է, որ մարդիկ հակում ունեն սեփական պատրանքներին ու թյուր կարծիքին ավելի մեծ արժեք տալ, քան իրականությանը՝ լինի իրականությունը օբյեկտիվ թե սուբյեկտիվ: Չորրորդն... կարելի է երկար թվարկել, բայց փաստն այն է, որ ահռելի քանակությամբ գանձեր կան, որոնք գրեթե ոչ մեկ չի փնտրում: Ինչը ըստ իս լավ է՝ ինչքան քիչ փնտրող, այդքան քիչ մրցակցություն:

Տակիտոսի /լատ.՝ Tacitus/ ՛՛Գերմանիա՛՛-ն եմ կարդում: Ու մեկ էլ սենց մտքեր: Տենաս ինչու՞: